Home -- Armenian -- Perform a PLAY -- 118 (Sled crash 2)
118. Սահնակով պատահար 2
Դու ավելի կնախընտրեիր սահնակո՞վ գնալ դպրոց, թե՞ դպրոցական մեքենայով։ Անետը և Լուկասը, ովքեր շվեյցարական Ալպերում էին ապրում, ամեն առավոտ արագորեն սահում էին հովիտներով, բայց ոչ միասին, քանի որ միմյանց տանել չէին կարողնաւոմ։ Ինչո՞ւ էր այդքան դժվար իրար հետ հաղորդակցվելը։
Չորեքշաբթի օրը մի բան տեղի ունեցավ։ Լուկասը չէր ուզում, որ դա պատահեր. նա իրոք դա չէր նախատեսել։ Երբ թափ էր հավաքել և երբևէ սահած մեծ արագությամբ գնում էր, իր սահնակը բախվեց Անետի սահնակին, և նրանք երկուսով գլորվեցին դեպի առուն։
Անետ. - Հեե՜յ, չե՞ս կարողանում զգույշ լինել։ Գլխիդ վրա աչքեր չունե՞ս։
Լուկաս. - Անե՛տ, կներես, սպասի՛ր, ես կօգնեմ քեզ։
Անետ. - Ինձ մենակ թող, ես առանց քո օգնության էլ կարող եմ կանգնել։
Լուկաս. - Շատ մի՛ նեղվիր, անխե՛լք աղջիկ։
Մինչև ոսկորները սառած և թրջված հագուստով Անետը շատ ուշ հասավ դպրոց։
Ուսուցիչ. - Անե՛տ, ի՞նչ է պատահել։
Անետ. - Լուկասն է մեղավոր, նա ինձ առուն գցեց, իսկ հետո գնաց՝ ինձ միայնակ թողնելով։
Բոլորը խղճացին Անետին և բարկացած հայացքներ նետեցին Լուկասի կողմը։ Ոչ ոք չէր մտածում, որ Անետը Լուկասի պես վատն է։ Բոլորը լավ դասընկերուհու կողմից էին, ով մայրիկ չուներ։
Մարդիկ նայում են դրսից, իսկ Աստված տեսնում է մեր սրտերը։
Մի ցածր ձայն ասում էր Անետին և Լուկասին, որ ատելությունը մեղք է, բայց նրանցից ոչ ոք չէր ուզում առաջին քայլն անել, և իրավիճակն ավելի սրվեց։
Գարնանը, երբ ձյունը հալվեց, Լուկասը մի օր հանդիպեց Դանիին, ով իր կատվի հետ խաղում էր լեռներում։
Լուկաս. - Ի՞նչ ես անում։
Դանի. - Ես Անետի համար ծաղիկներ եմ քաղում։
Լուկաս. - Լա՜վ, լաա՜վ, Անետի համար հա՞, քո քույրը հիմար է։
Լուկասը Դանիից վերցրեց ծաղիկները, գցեց գետնին և տրորեց։
Դանի. - Ես հայրիկի՛ս ասելու եմ։
Լուկաս. - Ո՛չ, չե՛ս ասելու։
Լուկասը վերցրեց Դանիի կատվին և պահեց ձորի ծայրին, ապա ամեն բան կայծակնային արագությամբ տեղի ունեցավ։ Սպիտակաձյունիկը ճանկռեց Լուկասին, և նա բաց թողեց նրան դեպի ձորը։ Դանին, ով ընդամենը հինգ տարեկան էր, կատվի հետևից իջավ և գլորվելով ընկավ ձորը։ Լուկասը ապշած ներքև էր նայում։
Լուկաս. - Դանի՞, Դանի՜, դեռ ո՞ղջ ես։ Մի բա՛ն ասա։
Պատասխան չկար։ Լուկասն իր շուրջը նայեց և տուն վազեց։ Նա թաքնվեց ախոռի հետևում և սկսեց լացել ու լացել։
Իսկ ի՞նչ եղավ այդ ժամանակ, կիմանաս հաջորդ թողարկմանը։
Հերոսներ՝ հեղինակ, Անետ, Լուկաս, ուսուցիչ, Դանի։
© Copyright: CEF Germany