Home -- Armenian -- Perform a PLAY -- 019 (Who is the true God 4)
19. Ո՞վ է ճշմարիտ Աստվածը 4
Աքաաբ արքան շատ էր զայրացած Եղիայի վրա։
Աքաաբ. - Այս մարգարեն է մեղավոր, որ այսքան ժամանակ անձրև չի տեղում։
Աքաաբը հառաչեց։ Արդյոք մոռացե՞լ էր, որ երաշտի միակ պատճառն այն էր, որ ինքը հեռացել էր միակ կենդանի Աստծուց։
Անցավ երեք տարի։ Երեք տարի՝ առանց անգամ մեկ կաթիլ անձրևի։ Եվ Եղիան գնաց Աքաաբ արքայի մոտ։
Եղիա. - Աքաա՛բ արքա, եթե ցանկանում ես, որ նորից անձրև գա, ապա հավաքի՛ր ողջ ժողովրդին և այն մարդկանց, ովքեր երկրպագում են Բահաղին, և արի՛ Կարմեղոս լեռան մոտ։ Այնտեղ կտեսնենք, թե ով է իրական Աստվածը Տե՞րը, թե՞ Բահաղը։
Աքաաբը լսեց Եղիային։
Հաջորդ առավոտ ողջ ժողովուրդը բարձրացավ լեռան գագաթը։ Ի՞նչ էր կատարվելու։ Եղիան դիմեց ամբոխին։
Եղիա. - Մինչև ե՞րբ եք կաղալու երկու մտքի վրա։ Այսօ՛ր որոշեք, թե ում եք երկրպագելու՝ Տեր Աստծո՞ւն, թե՞ Բահաղին։
Մարդիկ լուռ էին։ Նրանք դիտում էին, թե ինչպես է Եղիան զոհասեղան պատրաստում և զոհաբերության համար կենդանի դնում վրան։ Բահաղի մարգարեները նույնը արեցին։
Եղիա. - Սպասե՛ք, կրակ մի՛ վառեք։ Ամեն մեկն իր Աստծուն կաղոթի։ Եվ այն Աստվածը, ով երկնքից կրակ կիջեցնի, ճշմարիտ Աստվածն է։
Բահաղի հետևորդներն անմիջապես սկսեցին Բահաղին կանչել։ Ժամերն անցնում էին, սակայն նրանք ոչ մի պատասխան չէին ստանում։ Եղիան, նրանց ծաղրելով, ասաց։
Եղիա. - Հա՛հ, ավելի բա՛րձր աղաղակեք։ Միգուցե ձեր աստվածը քնած է կամ միգուցե ճամփորդության է մեկնել։
Լռություն տիրեց, երբ Եղիան ջուր լցրեց իր զոհասեղանի և փայտի վրա։ Թաց փայտը չի վառվում, այնպես չէ՞։
Բարձր ձայնով և իր ամբողջ սրտով Եղիան աղոթեց.
Եղիա. - Տե՛ր Աստված, ցո՛ւյց տուր այսօր քո ժողովրդին, որ Դու ես Իսրայելի Աստվածը, և ես Քո ծառան եմ։
Երկնքից հանկարծակի կրակ իջավ և վառեց զոհը, փայտը և քարերը, նույնիսկ ջուրը։ Ամեն բան այրվում էր։ Եվ ամբողջ ժողովուրդը, երբ սա տեսավ, երեսի վրա ընկավ ու լացելով ասաց։
Ժողովուրդ. - Տե՛րն է Աստված, Տե՛րն է Աստված։
Ժողովուրդն արդեն համոզված էր, և Բահաղի մարգարեները ստացան իրենց արժանի պատիժը. բոլորը պետք է մեռնեին։
Տերն է Աստված։ Եղիան ևս մեկ անգամ աղոթեց Նրան, և մութ ամպերը պատեցին երկինքը։ Առաջին կաթիլն ընկավ երկնքից։ Միակ կենդանի Աստվածը անձրև ուղարկեց։
Հերոսներ` հեղինակ, Աքաաբ, Եղիա, ժողովուրդ։
© Copyright: CEF Germany